Քոչարյան. Ընտրությունները կլինեն Փաշինյանի հաղթանակը, պետականության՝ պարտությունը

Քոչարյան. Ընտրությունները կլինեն Փաշինյանի հաղթանակը, պետականության՝ պարտությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հրապարակել է Bloomberg լրատվամիջոցին նրա տված հարցազրույցից մի հատված, որտեղ Քոչարյանն ասել է՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անձնական հաղթանակը, բայց պարտություն՝ ՀՀ պետականության համար»:

«Ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խոհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ», - ասել է Քոչարյանը:

Քոչարյանը նշել է, որ ցանկանում է աջակցել քաղաքական համակարգում հավասարակշռության ակտիվ ձևավորմանը: Նա մասնավորապես նշել է, որ դա անելու է առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։

«Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում. դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է», - ասել է Քոչարյանը:

Հարցին, թե ինչու մարդիկ շատ հակասական կարծիք ունեն իր մասին, Քոչարյանն ասել է, որ երբեք չի փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չի զբաղվել։

«Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։ Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է», - ասել է նա:

Ավելի վաղ Bloomberg-ը հրապարակել էր «Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը» վերտառությամբ նյութը, որտեղ Քոչարյանի հետ հարցազրույցից մի փոքր հատված էր միայն ներառվել:

Այստեղ նշվում էր, որ չնայած Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն, այնուամենայնիվ առայժմ «ինքն իր առջև նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի»։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը