Զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 55 նախկին զինծառայողի (ազատամարտիկի) ընտանիք բնակարան կամ բնակարան գնելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցության կստանա: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 424.8 մլն դրամ:
Նախագծի ընդունման դեպքում, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքից մինչև 2018 թվականի ավարտ անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրված կլինի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2%-ին:
2017 թվականին անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագրով հաշվառման մեջ էր գտնվում զոհված, մահացած և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների 2000 ընտանիք: Նախորդ տարի բնակարան է տրամադրվել կարիքավորների 11,2 %-ին: