Շարմազանով. Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը

Շարմազանով. Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, Հանրապետական կուսակցության պարտությանն ու հետագա գործունեությանը, ասել է, որ ՀՀԿ-ն ապացուցեց, որ կայացած քաղաքական կուսակցություն ու գաղափարական թիմ է։

«Այն, որ Փաշինյանը ասում էր՝ գուժում է ՀՀԿ-ի քաղաքական մահը, Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ։ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև 7 ամսա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է,-ասել է նա, հայտնում է Լուրեր.com-ը:

«Ես դեկտեմբերի 9-ը համարում եմ Հանարապետական կուսակցության վերածննդի սկիզբ։ Պայքարելու ենք հանուն Հայաստանի, որտեղ չի լինի սեռական փոքրամասնությունների քարոզ, ատելություն, թշնամություն, հասարկությանը սև ու սպիտակների բաժանել։ Նիկո՛լ Փաշինյան, Հայկը հաղթելու է Բելին և դու դրա ականատեսը կլինես։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ Թեև Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3 %-ը մեզ չհերիքի, բայց ոչինչ, կհանդիպենք քաղաքական խաչմերուկներում»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը կլինի առանց ընդդիմության, անատամ, անդեմ, որտեղ Փաշինյանը չի ունենա հակակշիռ։ Ըստ նրա՝ կունենանք բրեժնևյան խորհրդարան․ «Վերևում կլինի Բրեժնևը, աջ ու ձախ՝ կլինեն մյուս ուժերը, որոնք կամ կծափահարեն, կամ կասեն՝ «շեֆ ջան, դուրդ եկա՞վ, թե չէ»։ Ցավը նա է, որ Հայաստանի խորհրդարանը պատմության մեջ այսքան ողբալի վիճակում չի եղել, ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ն չկա»,- նշել է նա։

Շարմազանովը քաղաքացիներին հորդորել է սպասել Փաշինյանի կողմից թոշակների բարձրացմանը, ներդրումներ բերելուն, տնտեսական աճի, հայ-ռուսական հարաբերությունների նոր զարգացումների, Ղարաբաղյան հարցում հայանպաստ լուծումների․ «Հիմա Հանրապետականը չկա խորհրդարանում, որ խանգարի։ Դե, Նիկո՛լ, քեզ տեսնեմ, տեսնենք՝ ինչ ես անելու»,- եզրափակել է Շարմազանովը։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը