Տոնոյան. Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, չենք հապաղի

Տոնոյան. Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, չենք հապաղի

PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերը, Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, չեն պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, հայկական կողմը չի հապաղի:

«Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Ուստի մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում», - ասել է նախարարը:

Այն հարցին, թե հարձակվելու ենք նաև՝ Տոնոյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ քանի որ քանակական, ժողովրդագրական, տնտեսական առումով հավասար դիրքերում չենք Ադրբեջանի հետ, ոսւտի պետք է «ավելի շատ ուշադրություն դարձնենք որակական խնդիրներին»:

Նա հավելել է, որ ՀՀ Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և ձեռք են բերում այնպիսի զինատեսակներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։

Տոնոյանը հայտարարել է, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր: Նախարարը հավելել է, որ խոսքը նաև «Սու»-երի» մասին է: «Մենք արդյունավետ լուծումներ ենք գտնելու հակառակորդին զսպելու և հաղթելու համար», - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: ։

Նախարարը հաստատել է ՌԴ-ից 100 մլն դոլար նոր վարկ վերցնելու հավանականությունը՝ հավելելով, որ սպառազինության անվանացանկը դեռ հրապարակման ենթակա չէ:

ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։

 Ուշագրավ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը
---