ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հաղորդավար Համլետ Ղուշչյանին տրված հարցազրույցի ժամանակ արցախցիների վերաբերյալ արտահայտություններին, դրանք խիստ դատապարտելի է համարել և «անգամ ներքին թշնամանք հրահրող»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման եթերում, խոսելով արցախցիների մասին, Հախվերդյանն ասել է, որ նրանք ադրբեջանական մտածողություն ունեն և Ադրբեջանի ազդեցության տակից դուրս գալու համար 50 տարի է պետք։ Համլետ Ղուշյանն էլ «հաստատել» է՝ «հա» ասելով։
«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից: Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-ասվում է գրառման մեջ:
Ռուբեն Հախվերդյանի արցախցիների վերաբերյալ արտահայտությունները դատապարտել է նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ...»,-գրել է Բեգլարյանը։