Փաշինյան. Բանակցություններում հեղափոխություն չի եղել, բայց սկսել ենք խոսել գործընթացի մասին

Փաշինյան. Բանակցություններում հեղափոխություն չի եղել, բայց սկսել ենք խոսել գործընթացի մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:

Անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին՝ վարչապետն հայտնել է, որ չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել գործընթացի մասին:

«Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում:

Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի: Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում»,-ասել է նա, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ սկսվել է խոսակցություն և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք:

«Սա շատ խորը, լուրջ խնդիր է և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվել գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: Պետք է հասկանալ` մենք կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել:

Կան երկու կողմերի քաղաքացիներ և և պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք արդյոք հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: Բայց նաև պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաև դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամականական է, կամ ոչ: Ահա այս իմաստով եմ դրական համարում այս հանդիպումը և անկեղծ ասած դեռ չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիևը, բայց հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը, որը տևել է ավելի քան երկու ժամ:Կողմերի միջև հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---