Ջորջ Բուշը հավանություն չի տա Իրանը ռմբակոծելու Իսրայելի մտադրությանը

PanARMENIAN.Net - Բարձրաստիճան եվրոպական դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ամերիկացի նախագահը հայտարարել է Իսրայելի վարչապետին, թե հավանություն չի տա Իրանին հարվածելու մտադրությանը, հաղորդում է անգլիական The Guardian թերթը:



Պարբերականը հիշեցնում է, որ գարնանը Իսրայելը լրջորեն մտածում էր Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու մասին, սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր իսրայելյան կողմին, որ հավանություն չի տա նման քայլին եւ չի պատրաստվում վերանայել իր կարծիքը մինչ նախագահական ժամկետի ավարտը:



«Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Էհուդ Օլմերտը օգտվեց Բուշի այցելությունից Իսրայել այս պետության 60-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով, արծարծելու համար այս հարցը մայիսի 14-ին կայացած առանձնազրույցի ժամանակ, պնդում են աղբյուրները եւ հավելում. «Քանի որ ԱՄՆ-ն մերժեց այդ գաղափարը, նա եզրակացրեց, որ այս պահին այդպիսին է իրավիճակը եւ հազիվ թե ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվի Բուշի պաշտոնավարման ժամանակ»,-գրում է թերթը:



Ըստ աղբյուրների, Բուշի որոշումը հիմնված էր, հավանաբար, երկու գործոնների վրա: Առաջինը, ԱՄՆ-ն մտահոգ է Իրանի հնարավոր պատասխան գործողություններով` հավանական է, որ կարող են հարձակումներ սկսվել ամերիկացի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վրա Իրաքում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ կարող է խախտվել նավարկությունը Պարսից ծոցում: Երկրորդը, ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իսրայելին մեկ հարվածով, նույնիսկ եթե գործի դրվեն տասնյակ ինքնաթիռներ, չի հաջողվի շարքից դուրս բերել Իրանի միջուկային օբյեկտները: Իսրայելը չի կարող մի քանի օր ավիահարձակումներ կատարել, առանց ներքաշվելու լայնամասշտաբ պատերազմի մեջ: Այսպիսով, նման հարվածի համար հարկ կլիներ շատ թանկ վճարել:



«Տեղեկությունն այն մասին, թե Օլմերտը ոչ թե ուղղակի զենք էր թափ տալիս, փորձելով վախեցնել Իսրայելին, այլ այնքան լրջորեն է արծարծել այդ սցենարը, որ քննարկել է այն նաեւ Բուշի հետ, ցույց է տալիս Իսրայելի ղեկավարության մտավախությունը: Այն, որ Բուշը հրաժավեց հավանություն տալ այդ հարվածին եւ ակնարկը, որ իր կարծիքը նա չի փոխի, հավանաբար վերջ կդնեն այն ենթադրություններին, թե Վաշինգտոնը «հոկտեմբերյան անակնկալ» է պատրաստում ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների շեմին: Սակայն երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ն հաղորդեց, որ Իսրայելին կվաճառի հազար այսպես կոչված բունկերային ռումբ: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ սա սփոփիչ մրցանակ է Իսրայելի համար: Սակայն այս առաքումները կարող են զորացնել Իսրայելի հարձակողական ներւոժը այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կրկին կյանքի կոչի ուժային սցենարը: Խոսքը գնում է GBU-39 կառավարվող ռումբերի մասին, որոնց հողի տակ անցման շառավիղը համազոր է պայթուցիկի մեկ տոննայի: Իսրայելն արդեն ունի բունկերային ռումբերի որոշ քանակ»,-գրում է The Guardian-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---