29 հոկտեմբերի 2008 - 18:21 AMT
ԵՄ-ին առաջարկվում է ճշտել ֆինանսական ծրագրերը` հաշվի առնելով օգնությունը Ուկրաինայի, Մոլդավիայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի համար
«Արեւելյան գործընկերության» շրջանակներում Ուկրաինան պետք է հավասարեցվի Եվրոպական Միություն մտնելու թեկնածու-երկրներին: Նման պահանջով է հանդես գալիս Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ համագործակցության հարցերով Հանձնախմբի ուկրաինական հատվածի հասարակական խորհուրդը: Լեհ-շվեդական «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության վերաբերյալ Եվրամիության որոշումը կհրապարակվի այս տարվա դեկտեմբեր ամսին: Քանի դեռ Բրյուսելում մտածում են, թե ինչ առաջարկել Ուկրաինային եւ եւս հինգ երկիր-գործընկերներին այդ նախագծի շրջանակներում, ուկրաինական փորձագետներն արդեն ԵՄ հետ համագործակցության նոր ճանապարհներ են մշակել: Նրանք առաջարկում են, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հետագա տարիների համար ճշտի ֆինանսական ծրագրերը` հաշվի առնելով գումարային օգնությունը Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Բելառուսի համար, հաղորդում է Deutsche Welle-ը: