95 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իրէջում տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»,- ասվում է գրառման մեջ:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924-ին՝ Իրանում: 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959-ին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:
Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։
Շուշիում Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն կա:
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ հայտնի ֆիլմերի համար։