Ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 1523 պացիենտից ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 10 հոգի, թոքաբորբ ունեն 230-ը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերից օգտվում է 5 հոգի, նրանցից մեկը երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի քրոնիկ ծանր հիվանդություն, բայց հույս կա, որ բժիշկները կկարողանան կյանքը փրկել։
Թորոսյանը նշել է, որ վարակի աճի տեմպը գրեթե նույնն է, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը դեռ այնպիսի չէ, որ վարակի թեթև դեպքերին հորդորեն տանը մնալ։
Նախարարը կոչ է արել զգոնությունը չկորցնել տնտեսական գործունեության նոր տեսակների աշխատանքների մեկնարկից հետո և պահպանել ցուցումները։
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 50-ով: Բուժվել է 659 հոգի, մահվան 24 դեպք կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից