Գիշերային Երևանում աղմուկը սահմանափակելու նախագիծ կա․ Կարգազանցը կտուգանվի 50-200,000 դրամով

Գիշերային Երևանում աղմուկը սահմանափակելու նախագիծ կա․ Կարգազանցը կտուգանվի 50-200,000 դրամով

PanARMENIAN.Net - Երևանի ավագանուն առաջարկվում լիազորել` սահմանափակելու տարբեր ծառայությունների գիշերային ժամերի աղմուկը, փոխանցում է «Հետքը»։

Ըստ նախագծի, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Զուլհակյանն, Երևանի ավագանին է սահմանելու քաղաքում առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաև կառուցապատման օբյեկտներում, առևտրի, ծառայությունների և քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի և գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը և ժամերը:

Գործող օրենքով կանոնակարգվում է միայն առևտրի և ծառայությունների ոլորտը, և սահմանափակում կա հիմնականում գիշերային ժամերի գործունեության վրա, օրինակ` 24:00-ից 7:00-ն:

Պատգամավորներն առաջարկում են կարգավորել նաև փողոցային երաժիշտների` գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը չխախտելու հարցը: Ըստ նախագծի` համայնքի ավագանին է սահմանելու Երևանի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ և այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը և այլ պայմանները:

Հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաև կառուցապատման օբյեկտներում, առևտրի, ծառայությունների և քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից սահմանված գիշերային ժամերն ու օրերը խախտելը կարող է առաջացնել մինչև 200,000 դրամ տուգանք, իսկ բացօթյա տարածքներում արգելված ժամին երգելը, երաժշտական գործիք նվագելը` մինչև 50,000 դրամի տուգանք:

Գործող վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն՝ գիշերային ժամերին աղմուկի պատճառով նախազգուշացում է տրվում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---