Մարության․ Պետությունն Աջափնյակի մետրոյի կառուցմանը $35 մլն կուղղի

Մարության․ Պետությունն Աջափնյակի մետրոյի կառուցմանը $35 մլն կուղղի

PanARMENIAN.Net - Պետությունը կկառուցի Աջափնյակի մետրոյի կայարանը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է 35 մլն դոլար տրամադրել այդ նպատակով։

Քաղաքապետը նշել է, որ մտադրություն կար մասնավոր հատվածը ներգրավել, պետության բեռն այդ հարցում թեթևացնելու համար, սակայն ոչ մի ընկերության առաջադրած պայմանները չեն բխել քաղաքի կամ պետության շահերից, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, հաշվարկել ենք, խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին», - ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ով կարող է զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, Մարությանն ասել է, որ նման պաշտոն կարող է և չլինել, փոխարենը կարող է ինչ-որ մարմին կամ խորհուրդ լինել։

2019-ի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել: Հայտարարվել էր նաև, որ մասնավոր ներդրումների հաշվին իրականացվելու է նաև Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր զարգացման ծրագիրը: 2019-ի սկզբին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել էր Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարան կառուցելու մասին:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է:

 Ուշագրավ