Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա

Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա

PanARMENIAN.Net - Կանադական արտադրության բաղադրիչներով հավաքված անօդաչու թռչող սարքեր օգտագործվել և օգտագործվում են աշխարհի շատ թեժ կետերում, օրինակ՝ Եմենում, Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում։ Արտադրանքի շահառուներից են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Թուրքիան։ Ընդ որում՝ Թուրքիան համարվում է Կանադայից ռազմական արտադրանքի երրորդ ամենամեծ ներմուծողը։

Հոկտեմբերի 5-ին, տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ, Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։

Սեպտեմբերի 27-ից Արցախում ադրբեջանական կողմից ակտիվ կիրառվող Թուրքիային պատկանող Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից։

Լուսանկարում՝ Bayraktar TB2 անօդաչուն է, որի վրա ամրացված է նշված տեսախցիկը:

Մի անգամ Թուրքիան արդեն կանգնել է Կանադայի կողմից այս արտադրանքի վաճառքի արգելքի առաջ և հայտնվել ցայտնոտի մեջ։

Երբ Կանադան 2019-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունից հետո էմբարգո դրեց Թուրքիային զենքի վաճառքի վրա, թուրք դիվանագետները ջանացին անհապաղ վերականգնել անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ արտադրանքի մատակարարումները։ Հարցը լուծելու համար Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին զանգահարեց անգամ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դրանից հետո Կանադան հայտարարեց, որ միայն անօդաչուների ուղղությամբ մատակարարումները կվերականգնվեն։

Ըստ աղբյուրների՝ հիմնական խնդիրն այն էր, որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում արդեն կորցրել էր այս անօդաչու թռչող սարքերից, և կարիք ուներ դրանց արագ փոխարինման։ Կանադական այս արտադրանքն աշխարհի առաջատար տեխնոլոգիաներից է, և դրանց արժանի փոխարինումը Թուրքիայից հավելյալ ջանքեր և անորոշ ժամանակ է պահանջելու։

Թուրքական անօդաչուներում օգտագործվող արտադրանքը թողարկում է L3Harris Wescam-ը, որն աէրոնկարահանման և ընկալող-հաղորդող առաջատար սարքեր արտադրող կանադական խոշորագույն ընկերությունն է։ Ընկերության արտադրանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում թողարկվող ռազմական տարբեր արտադրանքների մեջ՝ ուղղաթիռից մինչև անօդաչու սարքեր։

Այս դետալները նույնքան կարևոր են անօդաչու թռչող սարքի համար, որքան դրա շարժիչը կամ սպառազինությունը, դրանք թույլ են տալիս մեծ խորությունների վրա լավ որակի պատկերով հետախուզել և ուղղորդել հրթիռները լազերային նշանառությամբ։ Միաժամանակ դրանք կարևոր են անօդաչուների կենսունակության համար, որքան բարձրորակ են ԱԹՍ-ների տեսախցիկները և հաղորդիչ սարքերը, այնքան բարձր են դրանք թռչում և բարդացնում խոցումը կամ ճնշումը։

Լուսանկարը արված է L3 Wescam MX-15 տեսախցիկով․

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի ուժային կառույցներում առկա է ընդամենը 110 Bayraktar անօդաչու։ Իսկ նոր ԱԹՍ-ների արտադրությունը բարդ ու ժամանակատար գործընթաց է, մանավանդ, երբ կարևոր բաղադրիչներ ժամանակին չեն մատակարարվում։ Ժամկետների առումով Կանադայի այս որոշումից կարող է տուժել նաև թուրք-ուկրաինական գործարքը Bayraktar-ների գծով․ Կիևը, որը, ի դեպ, Bayraktar-ի մեկ այլ՝ Akinci ԱԹՍ համար շարժիչներ է մատակարարում, 2018-ին 6 TB2 է գնել $69 մլն-ով, ու պատրաստվում է 48 հատ գնել՝ մասնակի տեղայնացնելով արտադրությունը։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---