Կոչ սպառողներին՝ չբոյկոտել արդեն ներկրված թուրքական ապրանքը, որ բիզնեսը չտուժի

Կոչ սպառողներին՝ չբոյկոտել արդեն ներկրված թուրքական ապրանքը, որ բիզնեսը չտուժի

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել է հայ սպառողներին` հորդորելով չբոյկոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքը։

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, որոնք մինչև այս արդեն իսկ զգալի քանակով ապրանք են ներմուծել Թուրքիայից, ծախսեր արել և այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման հարցում։

«Արդեն Հայաստանում գտնվող ապրանքը բոյկոտելով՝ ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին Ղազարյանը կոչ է անում օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, գործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համապատասխան կոչով արդեն դիմել է հայ գործարարներին թուրքական ապրանքի ներկումից հրաժարվելու հորդորով, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից։ Կառավարության որոշմամբ դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն առաջարկում է զրկել Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնություններից։Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի առաջիկա նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---