25 նոյեմբերի 2020 - 10:50 AMT
Փաշինյանը կարծում է՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում 5 տարով չի սահմանափակվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում չի սահմանափակվի 5 տարով։ Այդ մասին նա ասել է ռուսական ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

«5-ամյա ժամկետում, անշուշտ, հարկավոր է հասցնլ ստեղծել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ։ Բայց, քանի որ ղարաբաղյան հակամարտւթյունը ձգձգված հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ կսահմանափակվի 5 տարով»,- ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում «քաղաքական համաձայնության հարց է, որը ձեռք է բերվել» և ձևավորվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Ըստ Փաշինյանի՝ «5-ամյա ժամկետը դա գործընթացի սկիզբն է», և այդ ժամկետը կարող է ավտոմատ երկարացվել։

«Կարծում եմ՝ հիմա գլխավոր հարցը կայունություն ապահովելն է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Ես կարծում եմ, հուսով եմ, որ ռուս խաղաղապահները կկարողանան իրականում կյանքի կոչել այդ առաքելությունը»,-ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։