Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը ուզում էին Մոսկվայում Պուտինին հանդիպել՝ առաջարկեցի, որ Մեդվեդևին հյուրընկալվեն

Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը ուզում էին Մոսկվայում Պուտինին հանդիպել՝ առաջարկեցի, որ  Մեդվեդևին հյուրընկալվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահի հետ բանակցությունների և ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա չկայացած այցի մասին։

Գրառման մեջ ասվում է, որ հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն առաջարկել են վարչապետին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում:

«Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը: Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանն ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան և մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո և մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:

Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո ևս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:

Պատասխանեցի հետևյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»,-ասվում է գրառման մեջ:

Փաշինյանը հավելել է, որ նույն հարցն առաջացել է նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահներն ասել են, որ ՀՀ ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին:

«Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր ԱԳ նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի: Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրը, ով նաև ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է և այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան անձանց հետ:

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---