8 դեկտեմբերի 2020 - 13:14 AMT
Արամ Առաջինը Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հրաժարավել պաշտոնից և դրանով հնարավորություն տալ Ազգային ժողովին կառավարության նոր ղեկավար ընտրել։ Կոչը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։

«Հայ ժողովուրդը խորը տագնապի մէջ է. Պարտված լինելու հոգեվիճակը նրան մատնել է անորոշության և հուսահատության։ Մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրել ենք, թեև մեր հերոս բանակը քաջ դիմադրություն է ցույց տվել թուրք-ազերիական բանակին։ Կորցրել ենք նաև մեր ազգային արժանապատվությունը և հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում»,-ասել է Վեհափառը։

«Սպասում ենք, որ նոր վարչապետի գլխավորությամբ կազմավելիք համաձայնության անցումային կառավարությունն առաջնահերթ կհամարի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»,- նշել է Արամ Առաջինը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։