Գարեգին Բ-ն հորդորել է Փաշինյանին հրաժարական տալ

Գարեգին Բ-ն հորդորել է Փաշինյանին հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և հորդորել վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։

Գարեգին Բ-ն նաև Ազգային ժողովին կոչ է արել «ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»։

«Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում»,- ասել է Կաթողիկոսը։

Ըստ նրա՝ միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունը կկարողանա կարգավորել ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել «անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։

Ընդդիմությունը վարչապետ Փաշինյանին հրաժարականի համար մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ էր տվել, ապա սկսել անհնազանդության ակցիաները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Ընթերցեք նաև․ Արամ Առաջինը Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---