Գերեվարված 62 շիրակցու հարցով պատգամավորը դիմել է ԵԽ

Գերեվարված 62 շիրակցու հարցով պատգամավորը դիմել է ԵԽ

PanARMENIAN.Net - Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե (ԽԿԿ, CPT)։

Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում նա կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցները և հնարավորության դեպքում իրականացնել հրատապ (ad hoc) այց՝ Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար։

«Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը»,- գրել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունն ու նաև առանձին իրավապաշտպաններ 62 գերու հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այդ հարցով։ Նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր և վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։

Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե։

Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիների մասին լուրը հայտնի դարձավ 2020-ի դեկտեմբերի կեսերին։ Ավելի վաղ պատերազմից հետո հայկական մնացած այդ գյուղերը հարձակման էին ենթարկվվել ադրբեջանական ուժերի կողմից ու գրավվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---