ՔԿ․ Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու, ևս երկուսի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզվում են

ՔԿ․ Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու, ևս երկուսի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզվում են

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերով հարուցված քրգործից անջատված մասի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցներով՝ Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով:

Նրա երկու ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Երեք մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է և քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին:

Որոշվել է Ռուբեն Հայրապետյանին ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերոջը ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավել որպես մեղադրյալներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. հայտարարվել է հետախուզում։

Քննության տվյալներով՝ 2015-ից Հայրապետյաններին պատկանող «Հարսնաքար» համալիրում աշխատող 30-ամյա երևանցին 57․5 մլն դրամ վարկ է վերցրել, որի 18․4 մլն-ն օգտագործել է ՍՊԸ-ի կարիքների համար, մնացած 39 մլն դրամի 20 մլն-ն առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար, մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է ՍՊԸ-ի ծախսերը:

Հայրապետյանը, որդին ու որդու ընկերները, իմանալով այս մասին 30-ամյա տղամարդուն համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 18-ը, տղամարդու կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են, թույլ չեն տվել զանգել, ֆիզիկանան ու հոգեկան ուժեղ ցավ են պատճառել։ Այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը 30-ամյա տղամարդուց պահանջել է վարկով վերցված ամբողջ գումարի՝ 57 մլն դրամին համարժեք $120.000՝ ներառյալ նաև իրենց հյուանոցային համալիրի վրա ծախսված գումարը։ Այդ ընթացքում նրան շարունակել են պահել համալիրի տարածքում, ծեծի ենթարկել, նվաստացնել։

Ռաֆիկ Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով երիտասարդին՝ ստիպել են զանգել ու «Հարսնաքար» կանչել վերջինիս ընտանիքի անդամներին, եկել են նաև ընկերները և ընկերուհին: Նրանցից պահանջել են 57․5 մլն դրամ՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 18.4 մլն-ի շորթում։ Հայրապետյանները պահանջել են նաև երիտասարդի տատի առանձնատունը, որն օրինական շինություն էր դարձել իրենց միջնորդույթամբ։ 2015-ի օգոստոսի 18-ին տղամարդն ազատ է արձակվել։

2016-ի հոկտեմբերի սկզբին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տանից տեղափոխվել է Երևանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիա՝ Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը, հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության: Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:

 Ուշագրավ
Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել