18 փետրվարի 2021 - 10:47 AMT
Արցախի ԱԺ փոխնախագահ․ Ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելը պայմանավորված է հետպատերազմյան իրավիճակով

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, երկրում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ նախագծի շրջանառությունը պայմանավորված է «դաժան իրականությամբ, հետպատերազմական իրավիճակով»։

Նա ընդգծել է, որ նախագծով ռուսերենին տրվում է ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ, գրում է «Հայկական ժամանակը»։

Նախագծի շրջանառումը պայմանավորված է իրավիճակի ընկալմամբ. անվտանգության ապահովման խնդիրը լուծելու մի բաղադրիչն ավելի սերտ հարաբերություններն է Ռուսաստանի Դաշնության հետ:

«Հաշվի առնելով խաղաղապահ ուժերի առկայությունն Արցախի Հանրապետությունում, նրանց մշակույթը կրող ինժեներական զորքերի ներկայությունը, որոնք բավականին լուրջ օգնություն են ցուցաբերում քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաև հետագա համագործակցության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելը, մենք գնացինք այս քայլին: Բայց ես բոլորին ուզում եմ զգուշացնել, որ մեր Սահմանադրության հետ հակասության մասին խոսք լինել չի կարող: Սահմանադրության այդ հոդվածը, ըստ որի՝ հայերենը պետական լեզու է, մնում է անփոփոխ: Խոսքը ռուսերենի՝ որպես պաշտոնական լեզու ընդունելու մասին է: Բոլոր պաշտոնական փաստաթղթերը շարունակելու են մնալ հին լեզվով՝ հայերենով»,-ասել է նա:

Նա հավելել է, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրված, և իրենք պատրաստ են թե՛ հանրային, թե՛ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում քննարկումների:

«Չենք բացառում որոշ փոփոխություններ, բայց էությունը, որը բխում է իրավիճակից, անհրաժեշտություն է: Միակ ճանապարհը՝ այս տարածաշրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը, մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ ավելի սերտ համագործակցության մեջ:

Ադրբեջանի և Թուրքիայի ալյանսին միացել են մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ: Այսօր սեփական ուժերով գրեթե հնարավոր չի, և մեր կողմից պահանջվում է ավելի մեծ զոհաբերություն»,-ասել է նա:

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը և Մետաքսե Հակոբյանը շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով Արցախում ռուսերենին կտրվի պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Նախագիծը ոչ միանշանակ ընկալվեց ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Ընթերցեք նաև․ Թանդիլյանը, Մարուքյանն ու Բաբաջանյանը՝ Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու մասին