Բալասանյան․ Շնորհավորում եմ ՌԴ խաղաղապահներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Բալասանյան․ Շնորհավորում եմ ՌԴ խաղաղապահներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ԱՀ անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել՝ փետրվարի 23-ի` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորելով նաև Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի անձնակազմին,։

«Օրը հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ամբողջ ժողովրդի համար։ Մեր ավագ սերունդն իր մկրտությունն անցել է Խորհրդային բանակում, այնտեղ ստացած գիտելիքները կիրառելով՝ ստեղծել Արցախի Պաշտպանության բանակը, որն իր առաքելությունը կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը պատճառեց չափազանց մեծ կորուստներ, առաջին հերթին այն տղաների, ովքեր կանգնած էին Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Բայց ունենք Արցախի վերականգնման գերնպատակ, որին հասնելու համար պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը։

Հավերժ փա՛ռք հազարավոր նվիրյալներին, բարի՛ ծառայություն Հայրենիքի պաշտպաններին։

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորում եմ նաև Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի անձնակազմին՝ հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և խաղաղություն՝ ստանձնած պատասխանատու գործունեությունը բարձր մակարդակով իրականացնելու համար»,-ասվում է ուղերձում։

Խորհրդային Միության տարիներին փետրվարի 23-ը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի, իսկ այնուհետև՝ Սովետական բանակի օր:ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն վերանվանվել է ու կոչվում է Հայրենիքի պաշտպանի տոն, և նշվում է ԱՊՀ մի շարք երկրներում: Այդ օրն ընդունված է շնորհավորել այն տղամարդկանց, ովքեր խորհրդային տարիներին ծառայել են բանակում կամ ցանկացած այլ ուժային կառույցում: Հայաստանում փետրվարի 23-ը նշվում է «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ, Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով:

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան