Սիմոնյան․ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է ամբողջ երկրի տարածքում

Սիմոնյան․ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է ամբողջ երկրի տարածքում

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովում անդրադառնալով փետրվարի 20-ի հանրահավաքին, ասել է, որ այնտեղ հավաքված քաղաքացիներին հարգանքով է վերաբերվում, բայց ամբողջ երկրի տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է, և ՀՀ-ում որևէ ղեկավար նման բարձր վարկանիշ չի ունեցել, ինչքան այսօր Փաշինյանը։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը հենց այս պատճառով չցանկացավ գնալ արտահերթ ընտրությունների, գրում է «Ա1+»-ը։

Նա ասել է, որ ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության և շենքեր գրավելու կոչեր են հնչում։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե խոսում են շենք-շինություններ գրավելու մասին, ապա պետք է հիշեն, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու, այս համատեքստում Սիմոնյանը հիշեցրել է նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձությունները։

Նա ասել է, որ այդ գործողություններն ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից և այդ ժամանակ դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ:

Լրագրողները Սիմոնյանին հիշեցրել են հեղափոխության օրերին Ռադիոտան շենքի գրավումը, ինչին ԱԺ փոխխոսնակը արձագանքել է, թե հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ։

«Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում նույնպես քրեական գործեր կհարուցվեն, և իշխանությունը կգործի իր լիազորությունների սահմաններում»,-ասել է նա։

Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ այն ժամանակ ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, մինչդեռ երբ տեսել է, որ ժողովուրդը բռնության տրամադրված չէ, հետ է կանգնել։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե՝ եթե իշխանությունը պլանկան բարձրացնի, իրենք ևս կբարձրացնեն՝ Սիմոնյանն արձագանքել է․ «Վազգեն Մանուկյանը հին աճպարար է, որովհետև իշխանությունը պլանկա բարձրացնելու խնդիր չունի։ Իշխանությունը իշխանություն է, որտեղ կա ոստիկանություն, ԱԱԾ, Ներքին զորքեր և այլն, այսինքն՝ մենք իրենց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք։ Պարոն Մանուկյանը, կարծում եմ, իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որպեսզի իր տրամադրությունը չփչանա»։

Ըստ Սիմոնյանի՝ ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է այսօր ընդդիմադիր ուժերի համար, և իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։

 Ուշագրավ
Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել