«Պատիվ ունեմ» դաշինքը կոչ է անում բոլորին 19։00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց

«Պատիվ ունեմ» դաշինքը կոչ է անում բոլորին 19։00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքը, անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին և ստորագրվելիք նոր փաստաթղթի առկայության հաստատմանը, կոչ է արել քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

«Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս:

․․․Սա այն անհայրենք իշխանությունն է, որը հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանին է զիջել նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատվածում, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերը, ռազմավարական նշանակության Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զիջումները իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո:

Ըստ դաշինքի, այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը`

1. Պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:

2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:

3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:

4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ:

Մեր հետագա քայլերի մասին կխոսենք տեղում»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---