Դրամահավաք է սկսվել ՀՀ-ում ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի կառուցման համար, որը կկրի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեջ մեծ ավանդ ներդրած, երկար տարիներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ղեկավարած Կարեն Վարդանյանի անունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Startup Armenia Foundation-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Հարությունյանը։
24 ժամում արդեն մոտ 20,000 դոլար է հավաքվել։ Անհրաժեշտ է հավաքել մոտ 110,000 դոլար։
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ-ների թռիչքուղի, որը համատեղ ջանքերի շնորհիվ կարող է վերածվել ԱԹՍ-ների լիարժեք օդանավակայանի։ Շինարարության և ենթակառուցվածքների համար հարկավոր են ֆինանսական ներդրումներ։
«Կարեն Վարդանյանը միշտ մի քանի քայլ առաջ էր մտածում ու էն, ինչին փորձում ենք միասին հասնել, ինքը արդեն մտածել և ծրագրել էր։ Հիշողության լավագույն պահպանման ձևը, կիսատ թողած ծրագրերի իրականացումն է, լիարժեքությունը՝ շնորհակալությունը։
Եկեք միասին կառուցենք առաջին դռոնների օդանավակայանը, որը հավանաբար վաղը շատ բան կփոխի»,-ասվում է գրառման մեջ։
Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Startup Armenia հիմնադրամը։
Կարեն Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։