«Հայաստանը» ՍԴ-ում վիճարկում է համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը

«Հայաստանը» ՍԴ-ում վիճարկում է համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

«Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով:

«Հայաստան» խմբակցության կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը»,-ասվում է դաշինքի տարածած հաղորդագրությունում:

Դիմումը մուտքագրվել է ՍԴ։

Ըստ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի, 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում` մեկ համայնքային փունջ։

 Ուշագրավ
---