Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, ով իր աջակցությունն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և վայր է դրել մանդատը, հայտնել է, որ ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերին արդեն «պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ուստի, ըստ Երիցյանի, քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան «քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը»։
«Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, քաղաքապետը ներկայացնում է կուսակցությունից դուրս գալու դիմումը, ինչի հիմնավոր պատճառների մասին հույս ունեմ առաջիկայում կխոսի։ Քաղաքական ճգնաժամի ու հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին կուսակցության վերնախավը խնդրում է քաղաքապետին չհանրայնացնել իր այս որոշումը, ինչը և քաղաքապետը անում է։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվեու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:
Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը»,-ասվում է գրառման մեջ։
Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին է հայտարարել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը։
Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: