Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում դա «ամենաճիշտ ու արդարացված որոշումն է»։

«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է»,-ասվում է գրառման մեջ:

Ղազինյանը նշել է նաև, որ «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ և այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները։

«Շարժումը պետք է պահել և ուժեղացնել, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն։ Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին

Աստված պահապան հայ ժողովրդին», - ասվում է Ղազինյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---