Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. «Գրիչի» գործով վճիռը բեկանվել է

Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. «Գրիչի» գործով վճիռը բեկանվել է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17-ին մասնակի բավարարել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել էր վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Մինչ դատավճռի՝ օրինական ուժ ստանալը՝ Փաշինյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը քննվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի՝ գրավոր ընթացակարգով։

Դատարանը բավարարել է բողոքը՝ բեկանելով Հրայր Թովմասյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցադիմումը մասնակի բավարարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մերժել հայցը։

2020թ հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։

«Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-ընդգծել է վարչապետը, ինչին ի պատասխան Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---