ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ․ Հատիսը երկրաբանական հուշարձան է, որի տարածքում հողային և շինաշխատանքներն արգելված են

ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ․ Հատիսը երկրաբանական  հուշարձան է, որի տարածքում հողային և շինաշխատանքներն արգելված են

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, անդրադառնալով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մեծ արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ տեղեկատվությանը, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հատիսը երկրաբանական հուշարձան է, որի տարածքում հողային և շինաշխատանքներն արգելված են։

«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529 մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։

ՀՀ տարածքում առկա է մոտ 550 չորրորդական հասակի հրաբուխ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։

1. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ, հաշվի առնելով, որ հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, ինստիտուտն անհրաժեշտ է համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար։

Հուլիսի 9-ին տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր նաև նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Հատիս լեռան բարձունքում նախագծի մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուլիսի 7-ի կառավարությւան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նախնական գնահատականը դրական է և որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դիմել են շինարարական աշխատանքները սկսելու համար մասնագիտական եզրակացություններ ու թույլտվություններ ստանալու համար, իսկ հիմա կատարվում են ենթակառուցվածքների որոշակի աշխատանքներ։

Ընթերցեք նաև․ Ծառուկյան․ Քրիստոսի արձանի տեղ դրախտն էլ բերեի, էլի դժգոհներ կլինեին

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---