Փաշինյան․ Ուզում ենք, որ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերին

Փաշինյան․ Ուզում ենք, որ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է՝ ուզում են, որ ՀՀ բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր:

«Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ:

Իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդությունների հետ է այս ամենը կախված: Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով:

Ես այս առիթով այս ամենն ասում եմ՝ ընդգծելու մեր քաղաքականության ուղղությունը և ցանկությունը, բայց նաև արձանագրում, որ այս նպատակին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ բարդ և դժվարին ճանապարհ ունենք անցնելու:

Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով: Մեծ հաշվով, մեր ռազմավարական նպատակը հենց դա է՝ ՀՀ բոլոր սահմանները հանձնել սահմանապահներին, որպեսզի նրանք կատարեն իրենց հատուկ գործառույթներ՝ սահմանի պահպանություն, որի շրջանակում մտնում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, ապօրինի սահմանահատումների դեմ պայքարը, ապօրինի գործունեության դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շարժի դեմ պայքարը և այլն:

Կարևոր եմ համարում սահմանապահ զորքերի ծառայության հետ կապված ընդգծել հենց այս համատեքստը: Բայց այս պահին խոսլեով ապագայի մեր տեսլականի մասին՝ ուզում եմ ընդգծել այս օրը և անցյալը: Պիտի ևս մեկ անգամ մեր խոնարհումը, հարգանքի տուրքը բերենք սահմանապահ զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի և հանուն ապագայի»,-ասել է նա:

Վարչապետը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները վարչապետը հանձնել է հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---