1 օգոստոսի 2022 - 11:28 AMT
Պաշտպաններ․ Իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Չալաբյանին

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գործող իշխանությունները, «հավատարիմ քաղաքական հետապնդման իրենց գործելակերպին, հնարավոր բոլոր միջոցներով ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին»։

«Ավելի վաղ Չալաբյանի վատթարացած առողջական վիճակով պայմանավորված երկու նախնական դատալսումներ հետաձգվել էին, սակայն օրվա իշխանությունները, ցանակնալով կրկին կալանավորել Չալաբյանին, շարունակում են համառորեն մեկ օրվա տարբերությամբ նոր դատալսումներ նշանակել, որպեսզի իրենց մտադրությունները կյանքի կոչեն։

Իշխանությունները թե´ Ավետիք Չալաբյանի, թե´ այլ քաղաքական բանտարկյալների գործերով բազմիցս ցույց են տվել, որ ընդունելով օրինականության հետ որևէ աղերս չունեցող որոշումներ, և կալանքն օգտագործելով որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց, այսպիսով իրենց քաղաքական հակառակորդներին պահում են անազատության մեջ և կալանավորելով ոչ թե անձին մեկուսացնելու, այլ նրա առողջությունը քայքայելու և ֆիզիկական վախճանը մոտեցնելու խնդիր են կատարում, դրա հրեշավոր օրինակներից էր ընդդիմադիր ակտիվիստ, մտավորական և սիրված ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական վախճանը։

Տեղեկացնենք, որ գործող օրենսդրությամբ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին։ Նման պայմաններում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերականգնում է իր խարխլված առողջությունը, խոսել այնպիսի նոր էական հանգամանքների ի հայտ գալու մասին, որոնք կարող են կրկին կալանավորման հիմք հանդիսանալ, առնվազն՝ անմտություն է, իսկ հակառակի մասին ուղղակի վկայում է Չալաբյանի աղոջական վիճակը, որը կալանավորման ողջ ընթացքում և դրանից հետո շարունակ վատթարացել է, այս հանգամանքը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է, որ նա չպետք է կրկին կալանավորվի»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է դիմակայելու նրա նկատմամբ պատրաստվող նոր ապօրինություններին։

«Սակայն հաշվի առնելով քրեական գործն ի սկզբանե օրինականության դաշտում չընթանալու հանգամանքը, ծայրահեղ կարևոր է նաև մեր երկրի գիտակից հանրության ներկայությամբ միասնական հակազդեցությունը գործող իշխանություններին՝ թույլ չտալու նրանց օրենքի առավել բիրտ ու գռեհիկ խախտումներ, ի դեմս Ավետիք Չալաբյանի, պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության և օրինական պաշտպանության իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 27-ին լրացել է Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման ժամկետը և նա օրենքի ուժով ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից։ Օգոստոսի 01-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենալ նախնական դատալսումների դռնբաց նիստ։

Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։Նա տեղեկացրել է նաև, որ իր եղբայրը հեռանում է Կենտրոնական բանկից, քանի որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են»։