1 օգոստոսի 2022 - 13:36 AMT
Արցախում 1 շաբաթում վնասազերծվել է 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական և 4 ավիառումբ

Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական և գնդիկաբեկորային 4 ավիառումբ:

ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ն արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքերից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը ավտոմեքենայում:

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, փրկարարները ժամանակին մեկնել են պատահարի վայր, տուժած քաղաքացիներին ցուցաբերել առաջին օգնություն և համագործակցելով շտապ օգնության հետ, տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություններ:

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը հայտնաբերել ու թունավոր սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք: ‌