Աղավնոյի բնակիչներին ասել են` մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից

Աղավնոյի բնակիչներին ասել են` մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից

PanARMENIAN.Net - Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից։ Նա Աղավնոյի բնակիչներին հանդիպման էր կանչել գյուղի դպրոցի շենքում:

«Ասում է` ամսի 25-ին թուրքերը գալու են, ռուսները գնալու են», - պատմել է տեղաբնակ Մարիամ Հակոբյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է առաջարկում Արցախի կառավարությունն Աղավնոյի բնակիչներին՝ Մարիամ Հակոբյանն ասել է. «Ամիսն ամեն շնչին 40,000 դրամ, որպեսզի ով որտեղ լինի, կարողանա վարձ տա, թե գոյատևի, և 10 միլիոնի սերտիֆիկատ, որից հանվելու է 2-3 միլիոնը, որ գնանք, տուն առնենք։ Բայց մենք էլ հո հիմար չենք, մենք 10 միլիոնով, անգամ եթե 3 միլիոնն էլ չհանվի, մենք տուն չենք կարող առնել: Ժողովուրդը՝ ոնց որ հիպնոսացված, չգիտենք` ինչ անենք մենք»:

Աղավնոյի բնակիչներն ասել են, որ պատերազմից հետո հեռացած լաչինցիներին այդ սերտիֆիկատներից արդեն տվել են, ու ոչ ոք չի հաջողացնում տուն գնել։

«Ոչ մի բանկ այդ սերտիֆիկատը չի վերցնում ու գործարք չի անում»,-ասել է նա:

Մարիամ Հակոբյանն ասում է՝ եթե պիտի հեռանային, պատերազմից հետո ի՞նչու շինարարություն սկսեցին գյուղում: Բնակիչներին ասել են, որ իրերը տեղափոխելու համար մեքենաներ կտրամադրեն, բայց տները անխախտ, անվնաս պետք է թողնեն հեռանալուց առաջ:

Աղավնոն գտնվում է Աղավնո գետի ափին, այստեղ մոտ 200 մարդ է ապրում միանման կարմիր տանիքներով տներում: Գյուղի հրատապ տարհանման հարցն առաջացավ Լաչինից հեռանալու Բաքվի պահանջից հետո: Միջանցքը փակվելուց հետո Աղավնոն հայտնվելու է ադրբեջանական շրջափակման մեջ: Մինչև այս Արցախի նախագահը հայտարարում էր, թե բանակցում են Աղավնոյի համար:

 Ուշագրավ
Ըստ նրա, Հայաստանը դա պետք է անի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---