Տեղեկատվական շտաբ․ Մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր

Տեղեկատվական շտաբ․ Մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ Արցախի տեղեկատվական շտաբը լրացուցիչ պարզաբանում է ներկայացրել։

Նշվում է, որ, պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ:

«Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:

Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---