10 ապրիլի 2009 - 19:44 AMT
Հայաստանը երբեք չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից
«Մենք բազմիցս հայտարարել ենք եւ կրկնում ենք. Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին»,- իր պաշտոնին անցնելու միամյակի կապակցությամբ Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Անկարայի հետ բանակցությունները շարունակվում են, թեեւ դրանք բավական բարդ են: «Նրանում, որ Անկարան կարող է փոխել իր տեսակետը, ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն ես կարծում եմ, որ թուրքականմ դիվանագիտությունը շահագրգռված է սահմանի բացման հարցում: Ես հասկանում եմ նաեւ Հայաստանի հետ սահմանի բացման որոշ հակառակորդներին: Ասում են, թե թուրքական ապրանքները կլցնեն հայկական շուկան, բայց նրանք առանց այդ էլ կան մեր շուկայում, պարզապես Վրաստանով են գալիս: Նա, ով վախենում է ուղղակի ապրանքաշրջանառությունից, պարզապես վախենում է մրցակցությունից: Ստացվում է, որ մենք պետք է ընդհանրապես փակենք Հայաստան տանող բոլոր սահմանները, որպեսզի խուսափենք տեղական արտադրողին սպառնող մրցակցությունից: Դա արմատապես սխալ համոզմունք է»,- ընդգծել է Սարգսյանը:

Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջադրում Հայաստանին, որոնց թվում է հրաժարվելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի պայմաններով: «Հենց դրան էլ մենք երբեք չենք գնա, եւ Թուրքիան շատ լավ գիտի դա, ինչպես եւ Ադրբեջանը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993թ.` օժանդակելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում: