ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի

ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերն ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», - ասել է Սելեզնյովը։

Օգոստոսի սկզբին Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո Ստեփանակերտը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է ՀՀ-ի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ճանապարհի իր հատվածը կավարտի հաջորդ տարվա մայիսին։

Բարձրաստիճան դիվանագետը չի մանրամասնել, թե խոսքն ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ Եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», - նշել է Սելեզնյովը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևի այն հայտարարությանը, որ հայկական կողմից ռուս խաղաղապհների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են՝ ասել է, որ ավելացնելու ոչինչ չունի և ընդգծել, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:

«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից և ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երևանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», - ընդգծել է նա։

Միաժամանակ Սելեզնյովը փոխանցել է, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմն Արցախում, եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ և որ մնչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։ Նույն օրը՝ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին, պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---