«Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

«Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

PanARMENIAN.Net - STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրել է «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը, Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշել է․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։

Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխա լսել են Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվել իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտել մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրել են մրցույթ, որի հաղթողները նվեր են ստացել «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում, որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասել է Գարիկ Իսրաելյանը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։

 Ուշագրավ
Նշվում է, որ տվյալ վարորդը կազատվի իր սեփական դիմումի համաձայն
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
---