Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրգործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը

Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրգործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը

PanARMENIAN.Net - Սռանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում:

Գործն ի սկզբանե գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, և, թեև գործը դատարանում է մոտ երկու տարի, դեռևս դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում չէ, հետևաբար, ըստ գործող կարգավորումների, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին և ըստ այդմ գործն ուղարկվել է նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում՝ տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018-ին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15,000,000, և 10,000,000 դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: ‌

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---