Փաշինյան․Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների համար

Փաշինյան․Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։

«Ձերդ գերազանցություն, ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։

Պատմության արհավիրքներն անգամ չեն կարողացել խաթարել Եղիսաբեթ Երկրորդի անկոտրում կամքը։ Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։

Պատմության գրեթե մի ամբողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։

Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը»,-ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Եղիսաբեթ Երկրորդը կառավարել է երկիրը 70 տարի։ Բրիտանիայի բնակչության մեծ մասն իր ամբողջ կյանքն ապրել է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության օրոք։Թագավոր է հռչկավել նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որն այսուհետ կկոչվի Կառլոս Երրորդ։ Հռչակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---