Կոնգրեսականը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Կոնգրեսականը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օգնությունը, հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրառման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։

907-րդ բանաձևի կիրառումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։

Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։ Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։

Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նշել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---