Կաթողիկոսը հյուրընկալել է Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքին

Կաթողիկոսը հյուրընկալել է Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին կաթողիկոսը Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում հյուրընկալել է Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ու միջեկեղեցական կապերը գալիս են դարերի խորքից։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ առիթներ է ունեցել այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` հաստատելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին ջերմ ընդունելության համար՝ Նորին Սրբություն Մար Ավա Գ կաթողիկոս–պատրիարքն ընդգծել է, որ իր հովվական այցելության նպատակն է մասնակցելու Հայաստանի ասորական համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծմանը, ինչպես նաև խորացնելու և ամրապնդելու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։

Կաթողիկոս–պատրիարքը, անդրադառնալով Հայաստանի ասորական համայնքին, նշել է, որ հայաստանաբնակ ասորիները երկրի հավատարիմ քաղաքացիներն են և ըստ ամենայնի իրենց ծառայությունն են բերում Հայրենիքին։ Այս առնչությամբ Մար Ավա Գ պատրիարք-կաթողիկոսը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն են բերել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները և, ցավոք, ունեցել նահատակներ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոր ցավով է անդրադարձել ասորական համայնքի կորուստներին՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր պետի հովվական այցը մեծ մխիթարություն կբերի իր հետևորդներին։

Անդրադարձ կատարելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ևս գործուն ջանքեր կձեռնարկի սանձելու հարևան երկրի ոտնձգությունները և պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ խոսել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Քույր եկեղեցիների՝ Հայ Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած աջակցության մասին։

Հանդիպմանն Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքը մաղթել է, որ Տիրոջ օրհությամբ խաղաղությունն ու արդարությունը հաստավեն տարածաշրջանում։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---