ԱԱԾ-ն՝ դտական իշխանության ոլորտում բացահայտման մասին․ Ապօրինի դատական ակտ է կայացվել

ԱԱԾ-ն՝ դտական իշխանության ոլորտում բացահայտման մասին․ Ապօրինի դատական ակտ է կայացվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, հայտնում է ԱԱԾ մամուլի բաժինը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնականը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել են։

Նշվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։

Նշվում է նաև, որ իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։

«Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը, մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։

Նախաքննության ընթացքում փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և դրանց հանցակցելու համար համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։

Նշվում է նաև, որ ԱԱԾ-ն, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---