27 հոկտեմբերի 2022 - 10:53 AMT
Բաբայան․ Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել ՀՀ կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու հաշվին

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցին, շեշտել է, որ Ստեփանակերտը դեմ չէ խաղաղության պայմանագրերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց կան կարևոր հանգամանքներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել։

Նա նշել է, որ այդ պայմանագիրը չի կարող լինել նրա հաշվին, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Սրա մասին մենք նույնիսկ չենք էլ ուզում մտածել, որ որևէ մեկը, առավել ևս պաշտոնական Երևանը, Հայաստանի ղեկավարը կարող է նման քայլ անել։ Երկրորդ, մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ երկխոսության, ձևաչափն է կարևոր, իսկ այդ ձևաչափը ֆիքսվել է ԵԱՀԿ շրջանակներում, ասել է թե, միջազգային հարթակներում։ Բացի այդ, Արցախի սուբյեկտայնությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 4 բանաձևերում, որտեղ գրված է՝ տեղական և հայկական ուժերը, այսինքն, դրանցում անուղղակիորեն ճանաչվում է Արցախի սուբյեկտայնությունը։ Այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ունի երեք կողմ, ֆիքսված է Բուդապեշտի գագաթնաժողովում և տարբեր տարիներին ընդունված որոշումներում. դրանք են` Ադրբեջանը, Արցախն և Հայաստանը։ Եթե այդ ձևաչափով մենք սկսում ենք պաշտոնական երկխոսություն, իհարկե, մենք կողջունենք»,-ասել է Բաբայանը՝ նկատելով, որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ չէ նման երկխոսության։

Դիտարկմանը, թե ինչ է մնում պաշտոնական Ստեփանակերտին, եթե պաշտոնական Երևանն, ի դեմս օրվա իշխանության, բացահայտ հայտարարում է, որ ռեսուրս չունի Արցախի հիմնախնդրով զբաղվելու՝ Դավիթ Բաբայանն ասել է ․«Երբ խոսում ենք այն մասին, որ ռեսուրս ունենք կամ ոչ, պետք է հարցն այլ տեսանկյունից դիտարկենք՝ իսկ Հայաստանը միայնակ ռեսուրս ունի՞ ինքն իրեն պաշտպանելու ՝ նույն Թուրքիայից, Ադրբեջանից, առավել ևս, նրանց համատեղ գործողություններից, իհարկե՝ ոչ և դժվար թե ունենա միայնակ ռեսուրս` տեսանելի ապագայում»։

«Կայացած երկրները, իմաստուն երկրները իրենց պաշտպանությունը և հուսալի ապագան կերտում են և՛ սեփական ուժերով, և՛, իհարկե, ճիշտ աշխարհաքաղաքականությամբ ու արտաքին քաղաքականությամբ, նույնիսկ, աշխարհի ամենահզոր երկրները կրկին դաշնակից ու եղբայրական երկրներ են փնտրում»,-ասել է Բաբայանը։

Անդրադառնալով Սոչիում հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը՝ Բաբայանն ասել է․ «Մենք ցանկացած հանդիպում արժևորում ենք, առավել ևս, Ռուսաստանի միջնորդությամբ։ Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի հրադադարը ևս կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Մենք կարծում ենք, որ նման հանդիպումները պահանջված են և պարբերաբար պետք է տեղի ունենան»։

Բաբայանն ընդգծել է՝ կա Ռուսաստան, որի հետ պետք է խորացնել հարաբերությունները, կա Արևմուտք, որի հետ պետք է զարգացնել հարաբերությունները, որովհետև, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որը դեռևս ի վիճակի է զսպել Թուրքիային՝ օգտագործելով քաղաքական լծակներ։

«Ճիշտ աշխարհաքաղաքականությամբ մենք պետք է բալանսավորենք, բոլոր երկրներն այդպես են անում»,- եզրափակել է Բաբայանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ և Ադրբեջանի միջև։ Նա ասել է՝ շատ կարևոր հանգամանք է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ լինեն:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Դիտորդներն արդեն Հայաստանում են։