Ծառուկյան․ ՀՀ-ում ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը՝ սա չի կարող չանհանգստացնել![]() 27 հոկտեմբերի 2022 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում «Խուսափել վատագույն զարգացումներից» վերտառությամբ գրառման մեջ նշել է, որ այսօր գտնվում պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջան է և իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը ստիպում է խոսել բաց՝ առանց որևէ պայմանականությունների ու տողատակերի։ Նա նշել է, որ Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը՝ սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։ «Փոքր, բայց հպարտ Արցախի անվտանգությունն այսօր ապահովվում է բացառապես ռուսական խաղաղապահների շնորհիվ։ Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։ Գիտակցու՞մ են սա, թե՞ իրենց համար միևնույն է։ Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությունը հանգեցնել փլուզման։ Գիտակցու՞մ են սա, թե՞ միևնույն է։ Կա՞ գիտակցում, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ։ Կա՞ գիտակցում, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից։ Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր խորհրդարանները անցողիկ են։ Մնայուն են ազգային շահերը։ Մենք չենք կարող պետության և ժողովրդի անվտանգությունը, տնտեսական կայունությունը դնել վտանգի տակ։ Իհարկե, Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեզ պետք է փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ, և ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։ Սա´ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում»,-ասվում է գրառման մեջ։ Նա վստահություն է հայտնել, որ ժողովուրդը ճիշտ է գնահատում պատմական ռիսկերը, և իր իմաստնությամբ ու խոհեմությամբ կկարողանա խուսափել վատագույն զարգացումներից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ. փոստով պաշտոնական նամակ է ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան իրազեկել են, որ իր մուտքը Հայաստան «անցանկալի է համարվում»։ Նա այդ քայլը վիրավորական է գնահատել։ RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ մուտքը Հայաստան ևս արգելվել է։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները, հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են, թե ինչ «աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը» և որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |