7 նոյեմբերի 2022 - 13:29 AMT
2022-ին ՀՀ-ից $879 մլն-ի գյուղմթերք է արտահանվել, բայց ոլորտում անկում կա

2022-ի 9 ամսում Հայաստանից 879 մլն դոլարի գյուղմթերք է արտահանվել, որը գերազանցում է 2028-ի համար պլանավորած ցուցանիշը։ Այդ մասին ԱԺ–ում, 2023–ի բյուջեի նախագծի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, սակայն, նույն ժամանակահատվածում գյուղատնտեսությունը 0.7 տոկոսանոց անկում է ունեցել, գրում է Sputnik Արմենիան։

Քերոբյանն այս ցուցանիշների անհամապատասխանությունը պարզաբանել է վիճակագրության թերի լինելով։

«Վիճակագրական կոմիտեի հետ մեր քննարկումների արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ճշգրիտ հաշվառում իրականացնելու համար մեզ հարկավոր է գյուղատնտեսության մասին օրենք ընդունել, սկսել գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառումը, հասնել նրան, որ գյուղացիական տնտեսություններն իրենց շրջանառությունները հաշվետվությունների տեսքով ներկայացնեն, ինչը թույլ կտա վիճակագրություն ունենալ։ Հիմա մենք գյուղատնտեսության մեջ ունենք միայն գնահատականներ, և ոչ թե վիճակագրություն»,– ասել է Քերոբյանը։

Նախարարը հայտնել է, որ գյուղատնտեսության մասին օրենքը նախատեսվում է ընդունել 2023-ին, որից հետո, նույն տարվա ընթացքում, Վիճակագրության կոմիտեն նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի հաշվառում իրականացնել. կճշտվի ՀՀ գյուղացիական տնտեսությունների քանակը, դրանց ունեցվածքն ու վիճակը։

Նույն չճշտված տվյալներով՝ Հայաստանում այսօր 317,000 գյուղացիական տնտեսություն կա։ Խոշորացման քաղաքականության արդյունքում դրանց քանակը մինչև 2026–ը նախատեսվում է կրճատել մինչև 280,000-ը` գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ գյուղոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29․9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2․5 մլրդ դրամ։ Նա նշել էր, որ 2023 թ. պետական բյուջեի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 12 ծրագիր: