Վարչապետ․ Վաշինգտոնում Ադրբեջանին ենք փոխանցել պայմանագրի տեքստի մեր տարբերակը

Վարչապետ․ Վաշինգտոնում Ադրբեջանին ենք փոխանցել պայմանագրի տեքստի մեր տարբերակը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։

Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։

«Փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու դեպքում դժվարություններ կարող են առաջանալ։ Այդ պատճառով ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Մենք նույնպես պետք է աշխատենք գնալ այս ճանապարհով»,– ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ կան լարվածության որոշակի միտումներ՝ կապված որոշակի դեպքերի հետ։

«Հարցն այն է, որ միջազգային հանրությունը պաշտպանում է հայկական կողմի այն տեսակետը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ–ը նույնպես կպաշտպանի այդ դիրքորոշումը։ Իհարկե, պետք է հակառակը լիներ` ՀԱՊԿ–ը պետք է նախ պաշտպաներ մեր դիրքորոշումը»,–ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին այս կոնսենսուսն արձանագրվելու է։ Փաշինյանը նշել է, որ չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց կարևոր է, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական տա Ադրբեջանի իրականացրած օկուպացիային։

Նոյեմբերի 12-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, սակայն, կարևոր է, որ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: Ըստ նրա, մտավախություն կա, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվի ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---