Մակրոնը կոչ է արել Ալիևին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Մակրոնը կոչ է արել Ալիևին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ է արել նրան ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, հայտնում է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիայի նախագահը խորը մտահգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա հորդորել է պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հրադադարի վերաբերյալ և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Մակրոնը խոսել է նաև «հումանիտար կազմակերպությունների և ՄԱԿ հաստատությունների մուտքը բնակչության մոտ անարգել ապահովելու անհետաձգելիության մասին»։

«Ալիևն ասել է, որ մտադիր է հետևել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովմանը»,-ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրուցակիցները «համաձայնվել են շարունակել բանակցությունները մյուս կողմերի հետ՝ տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու նպատակով»։

Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են կրկին խոսել առաջիկա շաբաթներին։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են «հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»: Ալիևը նաև ասել է, թե Հայաստանը «դեռևս օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի 8 գյուղ», գրում է Haqqin.az-ը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---