Վարդանյան․ Լավրովը, ինձ թվում է, ամբողջությամբ իրազեկված չէ, թե ինչ է կատարվում այստեղ

Վարդանյան․ Լավրովը, ինձ թվում է, ամբողջությամբ իրազեկված չէ, թե ինչ է կատարվում այստեղ

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական ՌԲԿ-ին հարցազրույցում հնարավոր է համարել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ամբողջական իրազեկվածություն չունի այն մասին, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ Երևանը չի մասնակցել եռակողմ հանդիպմանը Մոսկվայում՝ Վարդանյանն ասել է, որ «դա եղել է ՀՀ ԱԳ նախարարի և, հավանաբար, ՀՀ վարչապետի որոշումը»։

«Դա նրանց որոշումն է։ Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք իրենց դիրքորոշումը, այդ թվում Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, հասցնեին Լավրովին, որը, ինձ թվում է, ամբողջական իրազեկվածություն չունի այն մասին, թե ինչ է այստեղ կատարվում և ով է հրաժարվել ինչ-ինչ որոշումներից»,- ասել է նա։

Վարդանյանը հավելել է, որ ղարաբաղյան կողմը տվել էր իր համաձայնությունը Լաչինի միջանցքում իրավիճակի այն լուծմանը, որն առաջարկել էին ռուս խաղաղապահները։

«Սակայն, ադրբեջանական կողմը դրանից կտրականապես հրաժարվեց։ Այլ բան, որ մինչ այդ եղել էր ադրբեջանցիների կողմից ճանապարհի արգելափակում, փորձագետների մուտքի արգելափակում»,-ասել է նա։

Արցախի պետնախարարն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնահատել է որպես «լիարժեք հումանիտար ճգնաժամ», քանի որ արգելափակված է ԼՂ-ն Հայաստանի հետ կապող ճանապարհը, և ադրբեջանցի «էկոակտիվիստները» թույլ են տալիս անցնել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաներին։

«Հայկական համարանիշերով մեքենա կարող է անցնել միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ։ Դրանով իսկ խախտվում է համաձայնագրի 9-րդ կետը, որ ճանապարհն ազատ պետք է լինի»,-ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով Մոսկվայում Բայրամովի հնչեցրած այն պահանջին, թե ինքը պետք է հեռանա Ղարաբաղից, ասել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է դա անի։

«Ես 20 տարի է այցելում եմ Արցախ։ Բազում նախագծեր եմ այստեղ իրականացրել, կազմակերպել եմ Շուշիի մզկիթի վերակառուցումը։ Ես արցախյան արմատներ ունեմ, տատիկս էր այստեղից։ Ես այստեղ տուն ունեմ և այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է այստեղից գնամ։ Ես միշտ ամեն ինչ արել եմ, որ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդներն կարողանան կողք կողքի ապրել, բայց ոչ միասին։ Դա բոլոր կողմերի համար միակ հնարավարությունն է խուսափել հակամարտությունից»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---