Մի խումբ արցախցիներ մոտեցել են Շուշիի ռուս խաղաղապահների անցակետին՝ պահանջելով բացել ճանապարհը

Մի խումբ արցախցիներ մոտեցել են Շուշիի  ռուս խաղաղապահների անցակետին՝ պահանջելով բացել ճանապարհը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին մի խումբ արցախցիներ մոտեցել են Շուշիի մոտ գտնվող ռուս խաղաղապահների անցակետին, որից ոչ հեռու արդեն 12-րդ օրն է՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքը։ Խաղաղապահների հրամանատարներից մեկին արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել ու հիշեցրել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է ապահվել միջանցքով անվտանգ երթևեկությունը:

«Դուք էլ մեզ հասկացեք, այդ եռակողմ հայտարարությամբ առանց կռվի տվել ենք Քելբաջարի, Լաչինի շրջանները, որ Ռուսաստանը մեզ համար ապահովի անվտանգ միջանցք», - ասել է «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը, հայտնում է «Ազատությունը»։

Նա ռուս հրամանատարին խնդրել, պահանջել է բացել ճանապարհը՝ ուժով, թե այլ միջոցով։

«Խնդրում եմ՝ բացեք ճանապարհը, դա պետական մակարդակով կազմակերպված սադրանք է, մեզ մոտ ոչ մի բնապահպանական խնդիրներ չկան։ Մենք Ռուսաստանի հետ միասին կարող ենք միջազգային առաքելություն հրավիրել, մեզ ևս մտահոգում է մեր էկոլոգիան, թող ստուգեն հողը, ջուրը, որ կոնֆլիկտը լուծվի»:

Քաղաքացիներին ընդառաջ եկած ռուս հրամանատարն ասել է, թե նույն այդ պահին ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում։

«Իմաստ չունի հիմա այնտեղ գնալ, դուք միայն կսրեք իրավիճակը»,-ասել է նա։

Արցախցիներն այսօր վերադարձան Ստեփանակերտ՝ տեղեկացնելով, որ վաղը ևս փորձելու են մոտենալ ու խոսել ադրբեջանցիների հետ և հույս ունեն, որ ռուս խաղաղապահները թույլ կտան։

12 օր շրջափակված Արցախում սպառվում են ներկրվող սննդի, դեղորայքի, մանկական կերի վերջին պաշարները։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---